ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ցավոք, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, ապա Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- Բաքվում «Առաջին ալիքի» հարցին ի պատասխան՝ նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն կողմ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը»։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է։
«Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է վերջնականապես և ամբողջությամբ լուծվեն»,- ասել է նա:
Լավրովը հավելել է, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ․ սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ կողմ են տրանսպորտային երթուղիների վերաբացմանը, սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում:
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե ստեղծվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգումների։ Նա բացառել էր Հայաստանի հետ սահմանի բացումը, եթե «միջանցքը» չբացվի։ Փետրվարի 18-ին Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հնարավոր բացման հարցին՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա դրույթ, որով «Ռուսաստանը ՀՀ տարածքում պետք է որևէ բան վերահսկի»։ «Եռակողմ հայտարարության մնացած կետերն, ըստ էության, Ռուսաստանը և Ադրբեջանը պատռել, գցել են մի կողմ։ 9-րդ կետի վրա հղումն արդեն արդիական չէ, որովհետև և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են»,- ասել էր Փաշինյանը։
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի նախագահի խոսնակ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն պայմանավորվել են հետաձգել «Զանգեզուրի միջանցքի» բացման քննարկումը խաղաղության բանակցությունների ընթացքում։