ՌԴ ԱԳՆ-ում խոսել են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունների մասին՝ հայտարարելով, որ դրանք անփոփոխ են։
«ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից բացի Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
Նա նշել է, որ Երևանում ՀԱՊԿ-ի աշխատանքներից հեռանալու գիծ են նկատում։
«Երևանում գերակշռում է փոխգործակցությունից հեռանալու գիծը։ Այս դիրքորոշումը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Ի վերջո, որպես Հայաստանի կայունության երաշխավոր, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանք գոյություն չունի։ Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- ասել է Աղասանդյանը։
Փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։
Փաշինյանը հունիսի 13-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ «Երևանի հաջորդ տրամաբանական քայլը» լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը: Փաշինյանը կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը փոխելու պայման էր համարել ՀԱՊԿ-ից Բելառուսի հեռանալը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդին՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվին սատարելու խոսքերի համար:
Հայաստանը չի մասնակցելու օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության «Կոբալտ-2024» զորավարժություններին, ինչպես նաև սեպտեմբերին Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին։