Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցման քաղաքականությունը և ասել, որ հայերը «ոչ մեկին պետք չեն», բացի Ռուսաստանից և Բելառուսից, հայտնել է «Բելտա»-ն։
«Սա ի՞նչ քաղաքականություն է։ Մեզնից բացի հայերն ո՞ւմ են պետք։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա: Ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնն այնտեղ չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն՝ «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հետխորհրդային տարածքի երկրներին միասնության կոչ է արել և նշել, որ հնարավոր չէ «Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել և դրա դիմաց ոչինչ չտալ»։
«Դուք պետք է հասկանաք, որ իրավիճակ է ստեղծվելու, որից հետո դուք մե՛զ կխնդրեք, ոչ թե մեկ ուրիշին։ Ոչ ոք ձեզ օգնության չի գա։ Եվ հետո, մենք ստեղծել ենք տնտեսական տարածք՝ գոնե հետխորհրդային տարածք։ Ինչո՞ւ կորցնել այն»,- հավելել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին պահանջել էր Բելառուսի նախագահից ներողություն խնդրել հայ ժողովրդից Ադրբեջանին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցելու համար։ Փաշինյանն ասել էր, որ ինքը «երբեք չի գնա Բելառուս», քանի դեռ Լուկաշենկոն մնում է նրա նախագահը։ Նույն օրը ՀՀ-ն խորհրդակցությունների նպատակով հրավիրել էր Բելառուսում Հայաստանի դեսպանին: Բելառուսը նույնպես հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։