ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարի՝ օգոստոսի 19-ի հայտարարությունը, ըստ որի՝ «Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին պայմանավորվածությունները»։
ՀՀ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հայաստանը չի կարող սաբոտաժի ենթարկել պայմանավորվածությունները։ Ավելին՝ Երևանը ՌԴ գործընկերներին է կոչ արել «կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել ո՛չ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ո՛չ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը»։
«Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն։ Տևական ժամանակ է մենք անգամ չենք անդրադառնում դրանց: Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք՝ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար՝ չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»,- հավելել են ԱԳՆ-ում։
Գերատեսչությունից նշել են, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։
«Վերահաստատում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, և ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն: ՀՀ կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար»,- եզրափակել է Բադալյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ․ սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ կողմ են տրանսպորտային երթուղիների վերաբացմանը, սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում:
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե ստեղծվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգումների։ Նա բացառել էր Հայաստանի հետ սահմանի բացումը, եթե «միջանցքը» չբացվի։ Փետրվարի 18-ին Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հնարավոր բացման հարցին՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա դրույթ, որով «Ռուսաստանը ՀՀ տարածքում պետք է որևէ բան վերահսկի»։ «Եռակողմ հայտարարության մնացած կետերն, ըստ էության, Ռուսաստանը և Ադրբեջանը պատռել, գցել են մի կողմ։ 9-րդ կետի վրա հղումն արդեն արդիական չէ, որովհետև և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են»,- ասել էր Փաշինյանը։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն օգոստոսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն պայմանավորվել են հետաձգել «Զանգեզուրի միջանցքի» բացման քննարկումը խաղաղության բանակցությունների ընթացքում։