Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան տարել են տուգանային հրապարակ, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ իրավապահները որևէ բացատրություն չեն տվել, նշել են միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։
«Մեզ պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել է քաղաքապետին սպասարկող ամենագնացը, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից»,- գրել է թերթը։
Փարամազյանը թերթին հաստատել է տեղեկությունը, և «էժան քայլ» որակել իր նկատմամբ իրավապահների գործողությունները։
«Այդ մեքենան իմ սեփականությունը չէ, կոմբինատինն է, որ տրվել է ոչ թե Փարամազյանին, այլ՝ Քաջարանի քաղաքապետին։ Միշտ է այդպես։ Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որևէ բացատրություն չեն տալիս»,- թերթին ասել է քաղաքապետը։
Լրատվականը ՀՀ ՆԳՆ-ից փորձել է պարզել տեղի ունեցածի մանրամասները։ Ի պատասխան գերատեսչությունից նշել են, որ ստուգումներ են կատարվում։
Քննչական կոմիտեից լրատվականին հայտնել են, որ Փարամազյանի ծառայողական մեքենան առգրավելու կամ խուզարկելու հետ իրենք որևէ առնչություն չունեն։