Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին Երևանում երկրի դեսպանության առջև տեղի ունեցած ակցիայի առնչությամբ կանչել են Բելառուսի ԱԳՆ, հայտնում է «Ռիա Նովոստին»։
Բելառուսի ԱԳՆ-ն «վանդալիզմ է» որակել Երևանում Բելառուսի դեսպանության շենքի վրա բանջարեղեն և ձու նետելու երևույթը, ասված է հրապարակման մեջ։
«Ազատությունն» օգոստոսի 21-ին տեսանյութ էր տարածել, որտեղ «Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ բանջարեղեն և ձու էին նետել Հայաստանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա։ Ակցիայի մասնակիցներն այդ քայլին էին դիմել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «հայերը բացի Ռուսաստանից և Բելառուսից ոչ մեկին պետք չեն» հայտարարության պատճառով։ Լուկաշենկոն քննադատել էր արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցման քաղաքականությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին պահանջել էր Բելառուսի նախագահից ներողություն խնդրել՝ Ադրբեջանին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցելու համար։ Փաշինյանն ասել էր, որ ինքը «երբեք չի գնա Բելառուս», քանի դեռ Լուկաշենկոն մնում է նրա նախագահը։ Նույն օրը ՀՀ-ն խորհրդակցությունների նպատակով հրավիրել էր Բելառուսում Հայաստանի դեսպանին: Բելառուսը նույնպես հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։