Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին վերջին հայտարարությանը։
Ավելի վաղ Լուկաշենկոն քննադատել էր արևմտյան երկրների հետ Հայաստանի քաղաքականությունը և ասել, որ հայերը «ոչ մեկին պետք չեն», բացի Ռուսաստանից և Բելառուսից։ «Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնն այնտեղ չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- մասնավորապես ասել էր Լուկաշենկոն։
«Հայ ժողովրդի հանդեպ ատելությունը, անշուշտ, շատ բռնակալների ընդհանուր հատկանիշն է: Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին երբեք չի թուլանա»,- գրել է Լուազոն X սոցիալական ցանցում։
Հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահից պահանջել էր ներողություն խնդրել՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին սատարելու խոսքերի համար։ Փաշինյանն ասել էր, որ ինքը «երբեք չի գնա Բելառուս», քանի դեռ Լուկաշենկոն մնում է նրա նախագահը։ Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանը հրավիրվել էր Երևան՝ խորհրդակցությունների։ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին։