Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մեկնաբանելով Պրոբացիայի ծառայության՝ դատարան միջնորդություն ներկայացնելու մասին լուրը, նշել է, որ կառույցն արել է այն, ինչը գտել է իր լիազորությունների տիրույթում և դա չի նշանակում, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Նա «Հրապարակ» օրաթերթին հայտնել է նաև օգոստոսի 21-ին Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը՝ կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
«Ես քաղաքական գործիչ չեմ։ Կալանավայրից դուրս գալուց հետո նույն օրն ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական պատվերով դատվեմ։ Ես պայքարել եմ Արցախի համար»,- ընդգծել է նա։
Նա հավելեց, որ շարունակում է հարգանքով վերաբերվել պետքկան կառույցներին։
«Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ՝ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա, մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,- նշել է նա:
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։