ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներն օգոստոսի 22-ից հավաքվել են Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցային համալիրում, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ նրանք արտագնա նիստն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ են հրավիրել, որ քննարկեն, թե օրենսդիր մարմնում ի՞նչ են անելու աշնանը և, ընդհանուր առմամբ, որպեսզի խոսեն երկրում ստեղծված իրավիճակի ու իրենց անելիքների մասին։
«Քննարկման թեմաներից մեկն էլ ամռանն ընդհատված՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ճակատագիրն է, ինչպես նաև Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման նկատմամբ վարվելիք քաղաքականության մշակումը։ Մանավանդ, որ սրբազանը հայտարարել է աշնանն ակտիվանալու մասին։ Բնականաբար, քննարկվելու են նաև արտաքին քաղաքական հարցեր և Հայաստանի խնդիրները բանակցային պրոցեսում»,- հայտնել է թերթը։
Ըստ թերթի աղբյուրի՝ քննարկումները վարելու են Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Իշխան Սաղաթելյանը։ Թերթը կապ է հաստատել պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ։ Նա ասել է, որ ֆրակցիայի նիստի են և այլ մանրամասներ չի հայտնել։