Իշխանությունները մտադիր են աշնանը Տեղ համայնքը միացնել Գորիս խոշորացված համայնքին և նոր ընտրություններ անցկացնել, որի արդյունքում համայնքի ղեկավար կնշանակեն «յուրայինի», գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության ակտերը, որոնց համաձայն նա հինգ տարով զրկվում է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ու դատարան միջնորդությունը, որով պահանջվում է ազատազրկել նրան, պայմանավորված են հենց այս որոշմամբ։
Թերթը պարզաբանել է, որ առջևում համապետական ընտրություններ են, և Առուշանյանը, ինչպես նաև Սյունիքի մյուս համայնքապետերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիարժեք վստահությունը չեն վայելում։
«Նա՝ հերթական վերարտադրմանն ընդառաջ, փորձում է իր ճանապարհից մաքրել բոլոր խոչընդոտները»,- նշել է թերթը։
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։