ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Միրզոյանը շնորհավորել է Արաղչիին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու երկուստեք պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին, նշված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 18-ին հայտնել էինք, որ Արաղչին շուտով Իրանի ԱԳՆ նոր ղեկավար կդառնա, Իրանի խորհրդարանի հանձնաժողովն ԻՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել էր նրա թեկնածությունը։
Օգոստոսի 11-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի խորհրդարանին էր ներկայացրել իր կաբինետի նախարարների պաշտոնների թեկնածուների ցուցակը։ Փեզեշքիանը հաղթանակ էր տարել Իրանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին՝ այդ պաշտոնն զբաղեցրած Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո: