Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում օգոստոսի 22-ին քննարկել է Պետական վերահսկողական ծառայության և նրա ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքը, գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Պետրոսյանի գործունեության քննարկումն անցել է մեղմ և կառուցողական մթնոլորտում։
«Քանի որ Ռոմանոսը Փաշինյանի «սիրելիներից» է, հանդիպմանը վարչապետը «ծածկել» է Պետրոսյանին՝ նրա փոխարեն պատասխանելով հարցերին, երբ տեսել է, որ Պետական վերահսկողական կոմիտեի ղեկավարը որոշ հարցերում դժվարանում է պատասպանել»,- գրում է աղբյուրը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները նրբանկատորեն հասկացրել են, որ Պետրոսյանի ղեկավարած հիմնարկն ավելի շատ աղմուկ է բարձրացնում, քան պետական կառույցների մասին տեղեկություններ բացահայտում, իսկ բյուջեի վատնման, չարաշահումների ու յուրացումների մասին հաղորդումների ետևում ոչ մի խոսք չի ասվում պատժվածների մասին։
«Պետրոսյանը բացատրել է, որ բացահայտումներն ուղարկում են քննչական մարմիններին և նրանցից պետք է հարցնել, թե ինչու մեղավորներ և պատժվածներ չկան»,- եզրափակել է թերթը։
Օգոստոսի 17-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստում կուսակցության անդամները դժգոհել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի աշխատանքից։ «Քաղաքացիական պայմանագիրը» մատնանշել էր հանրապետության մարզերում ասֆալտապատ ճանապարհների անորակությունը և հոսանքազրկումները։