Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արել հասնել Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների անհապաղ ազատմանը։
«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միջազգային աշխարհակարգը պահպանելու հարցում առաջնորդություն ցուցաբերի, հատկապես ամբողջ աշխարհում բազմաթիվ հակամարտությունների պայմաններում, որոնք մարտահրավեր են նետում մարտական գործողություններ վարելու կանոններին: Ամերիկայի՝ որպես ազատ աշխարհի առաջնորդի համբավը, կարծես թե, վտանգված է բազմաթիվ պատերազմների և ագրեսիաների ֆոնին, որոնք խլել են անմեղ կյանքեր» – գրել է նա Բլինքենին ուղղված նամակում:
Սեդրակյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է երկրում անցկացվող կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը (COP29) ներկայացնել որպես «խաղաղության կոնֆերանս» և ընդգծել, որ մինչև COP29-ը եթե Բաքուն չազատի հայ գերիներին, ապա Ալիևը որևէ շարժառիթ չի ունենա դրանից հետո գործելու համար։
Նա հիշեցրել է հունիսի 20-ի հեռախոսազրույցում Ալիևին ուղղված Բլինքենի կոչը՝ հարգել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները և անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին։ Սեդրակյանն ասել է, որ Բլինքենի խոսքերն «անտեսվել են և, հավանաբար, կշարունակեն անտեսվել»:
ՀԲԸՄ նախագահը նշել է, որ բանտարկված են ոչ միայն ռազմագերիները, այլև Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Նա նաև ընդգծել է, որ հայերը պահվում են ադրբեջանական բանտերում՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային դրույթները՝ ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
«Ամեն օրը որոշիչ է երիտասարդ հայ զինվորների կյանքի համար, որոնց ընտանիքները շուրջ չորս տարի սպասում են իրենց ապահով վերադարձին: Բանտարկյալների ազատ արձակումն անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար»,- եզրափակել է նա։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։