Սեպտեմբերի 28-ին և 29-ին սպասվող Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծմանը եկեղեցին կհրավիրի իշխանություններին, հայտնել է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ որոշվել է հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, բոլոր պատգամավորներին: Հրավիրվելու են նաև նախկին նախագահները, հայտնել է լրատվականը։
Ըստ թերթի՝ եկեղեցին Հայաստանից և սփյուռքից շուրջ 2000 հյուրի է սպասում:
«Բայց թե հրավիրվածներից ով այդ օրը կայցելի Էջմիածին, դեռ պարզ չէ: Իշխանությունից ներկայության մակարդակից հնարավոր կլինի պատկերացում կազմել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների ներկա վիճակի մասին»,- գրել է թերթը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ կառավարությունը 2018-ին եկեղեցուն առաջարկել է ներդնել հարկային համակարգ և հավաքագրված ամբողջ գումարը վերադարձնել եկեղեցուն։ Նա նշել էր, որ կառավարությունն առաջարկել էր եկամտահարկից ստացված գումարներն ըստ անհրաժեշտության ուղղել պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, վերականգնմանը և այլ աշխատանքների, ինչը եկեղեցին մերժել էր։
ՔՊ-ում մայիսի 31-ին հայտարարել էին Հայ առաքելական եկեղեցու գույքի հարկման նախագծի նախապատրաստման մասին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ժամանակն է քննարկել, թե «եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորություններ ինչո՞ւ չեն կիրառվում»։