Իշխանություններն առաջիկա օրերին մտադիր են աշխատանքից ազատել Սյունիքի համայնքապետերին, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելովն մարզային իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանք տարբեր միջոցներ են գործադրում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար:
Թերթը նշել է, որ եթե չհաջողվի նրանց «խաղաղ կերպով» ազատել, ապա կարող են հայտնվել ճաղերի ետևում։
«Փարամազյանի ծառայողական մեքենան շուրջ 3 շաբաթ տուգանային հրապարակում պահելուց հետո ՆԳՆ-ն նյութեր է նախապատրաստել և ուղարկել Քննչական կոմիտե։ Բայց ո՛չ քննչականից, ո՛չ ՆԳՆ-ից չեն պարզաբանում, թե որն է պատճառը»,- գրել է թերթը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնելու, որպեսզի պարզի, թե ի՞նչ հիմքով է ԶՊՄԿ-ի տնօրինությունն այդ մեքենան նվիրատվություն արել կամ օգտագործման տրամադրել Քաջարանի քաղաքապետարանին։
Օգոստոսի 21-ին ԶԼՄ-ն հայտնել էր, որ Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան տարել են տուգանային հրապարակ։ Փարամազյանը հաստատել էր տեղեկությունը, և «էժան քայլ» որակել իր նկատմամբ իրավապահների գործողությունները։