ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանագծման և սահմանազատման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունն այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին՝ համապատասխան փոխընդունելի որոշումների մշակման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կրեմլից տեղեկացրել են, որ ղեկավարներն անդրադարձել են Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցին և «գոհունակություն հայտնել հաջող արդյունքների կապակցությամբ»:
«Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- հավելել են Կրեմլից։
Օգոստոսի 19-ին Պուտինն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտնել էր Հարավային Կովկասում անդրսահմանային ճանապարհների բացմանն աջակցելու պատրաստակամության մասին։
Պուտինը պետական այցով Բաքվում էր օգոստոսի 18-19-ը։ Նա Ալիևի հետ քննարկել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ալիևը Հարավային Կովկասի անվտանգությունը կապել էր ՌԴ-ի և Ադրբեջանի համագործակցության հետ։