ՀՀ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Քննարկվում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում դեսպանների փոխատեղումների հարցը, հայտնել է թերթը։
«ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի փեսային` Արմեն Պապիկյանին, Ավստրիայից կտեղափոխեն Ստրասբուրգ` ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, այդ պաշտոնն զբաղեցնող Արման Խաչատրյանին կտանեն Փարիզ։ Ֆրանսիայում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա` Ժնև, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կտեղափոխվի Վիեննա: Ռոտացիա է սպասվում նաև արաբական երկրներում պաշտոնավարող դեսպանների շրջանում»,- հավելել է թերթը։
Թերթի տեղեկություններով՝ Դիլիջանում տեղի ունեցած դեսպանների աշխատաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեսպաններին «ուլտիմատում տվել»՝ ասելով, որ եթե համաձայն չեն իր քաղաքական գծի հետ, կարող են աշխատանքից ազատվելու դիմում գրել։
«Փաշինյանն ասել է՝ դուք իմ ու ԱԳՆ-ի աշխատողներն եք, պարտավոր եք աշակերտի նման կատարել հրահանգները, եթե իմ բռնած գծի հետ համաձայն չեք, դիմում գրեք»,- գրում է թերթը։
Օգոստոսի 28-ին «Հրապարակը» գրել էր, որ օգոստոսի 26-ին արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ժամանակ Փաշինյանն ընտրության առաջ էր կանգնեցրել դեսպաններին՝ ասելով, որ «նրանք, ովքեր «հավատավոր զինվորի» պես չեն կատարի քաղաքական իշխանության հրահանգները և չեն առաջնորդվի իրենց որդեգրած քաղաքականությամբ, կարող են դիմում գրել և հեռանալ»։