Օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները Դիլիջանում օգոստոսի 26-ին և 27-ին տեղի ունեցած աշխատաժողովից հետո այցելել են Կիրանց, որտեղ գյուղի բնակիչների կողմից բախվել են քննադատության․ գյուղացիները նրանց դիմավորել են վիրավորական արտահայտություններով, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ լրատվականի՝ Կիրանցի հյուրերը գյուղ են ժամանել ՆԳՆ մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք փորձել են նախապես «մաքրել» նրանց ճանապարհը, սակայն կիրանցեցիներից ոմանք, տեղեկանալով ներկայացուցչական այցի մասին, հյուրերին ընդառաջ են գնացել և իշխանությունների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել։
«Դպրոցի ճանապարհին գյուղի բնակիչներից մեկը, որին թույլ չեն տվել մոտենալ դեսպաններին, բղավել է՝ «Փաշօղլուի ստրուկներ», իշխանությունների հասցեին այլ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել։ Մեկ ուրիշն էլ գյուղամիջում է բողոքել»,- գրում է թերթը։
Բացի այդ, Կիրանցի համայնքապետարանին չեն տեղեկացրել այցի մասին: «Որոշել են անսպասելի այցելել՝ հույս ունենալով, որ կխուսափեն տհաճ միջադեպերից»,- գրել է թերթը։
Օգոստոսի 26-ին մեկնարկել էր օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը, որին ներկա էին գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ԶԼՄ-ն օգոստոսի 28-ին գրել էր, որ Փաշինյանն ընտրության առաջ է կանգնեցրել տարբեր երկրներում ՀՀ դեսպաններին, զգուշացրել իր որոշումներին ընդդիմանալու հետևանքների մասին։