Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում քննարկել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նրա ղեկավար Նարեկ Մկրտչյանի աշխատանքը, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Մկրտչյանի գործունեության քննարկումն անցել է առանց էմոցիաների ու սրացումների։ Այդուհանդերձ, ըստ ԶԼՄ-ի, քննարկման ընթացքում արցախցիներին վերաբերող խոսակցություններ են տեղի ունեցել։
«Հանդիպմանը վիճակագրական տվյալներ և կարծիքներ են հնչել, որ արցախցիները չեն ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն, մասնակցել բնակարանաշինության ծրագրին, ստանալ վկայականներ, գնել կամ կառուցել տներ։ Ըստ նախարարի՝ ցուցանիշն այս առումով խայտառակ ցածր է»,- նշում է «Հրապարակ»-ը։
Թերթը նշել է, որ երեք ամսում հավաստագիր է ստացել ընդամենը 30 արցախցի, սակայն նրանցից ոչ մեկն այն դեռ չի իրացրել. նրանք ո՛չ բնակարան են գնել, ո՛չ տուն։
«ՔՊ ներկայացուցիչներն առաջարկել են արցախցիների համար հստակ ժամկետներ սահմանել, չի կարող պետությունն անվերջ սոցիալական աջակցություն տրամադրել, ինչից արցախցիներն առանձնապես գոհ չեն, մշտապես քննադատում են, որ այդ գումարով հազիվ տան վարձ են փակում, ուստի նրանց պետք է ընտրության առաջ կանգնեցնել»,- գրում է թերթը։
«Հրապարակ»-ը հավելել է, որ կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են հայտարարել, որ բնակարանաշինության ծրագիրն անժամկետ չէ և գործելու է մինչև 2025 թվականի ամառ։
«ՔՊ-ն վստահ է, որ այս դեպքում արցախցիները հանգիստ կներկայացնեն քաղաքացիություն ստանալու դիմում, ապա կօգտվեն ծրագրից»,- եզրափակել է թերթը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան ներքին տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Հոկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական։
Մարտի 28-ին իշխանությունները երկարաձգել էին Արցախից հարկադիր տեղահանվածների աջակցության ծրագիրը («40+10 հազար դրամ» ծրագրով վճարումներ) մինչև 2024 թվականի ավարտ։