ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է Երևանի և Բաքվի կողմից համաձայնեցված դրույթների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիրը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ն առաջարկել է շարունակել մնացած բոլոր հարցերի քննարկումները պայմանագրի ստորագրումից հետո, ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ առաջարկները ներկայացվել են երեկ՝ օգոստոսի 30-ին, և «օբյեկտիվորեն պաշտոնական Բաքուն դեռ չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը»։
«Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված, որոնցից 13-ը լիարժեք համաձայնեցված են՝ ներառյալ նախաբանը, ևս 3-ը՝ մասնակի։ Մեր առաջարկի էությունն է՝ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այնտեղ արձանագրված են ՀՀ և Ադրբեջանի միջև բոլոր հիմնարար սկզբունքները»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը չի մանրամասնել, թե խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ է հաջողվել համաձայնության հասնել Ադրբեջանի հետ՝ հղում անելով Երևանի և Բաքվի կողմից քննարկված խաղաղության պայմանագրի նախագծի գաղտնիությանը։
«Այն, ըստ էության, կոնֆիդենցիալ աշխատանք է, և այնպես չէ, որ այդ հոդվածների «տերը» միայն մենք ենք, այդ հոդվածներն առնվազն համասեփականատեր ունեն։ Ես գաղտնիք չունեմ ո՛չ ձեզնից, ո՛չ մեր հանրությունից, բայց այստեղ կան կոռեկտության կանոններ, որոնք պարտավոր ենք պահպանել»,- ընդգծել է Փաշինյանը։
Փաշինյանն Ադրբեջանի հետ բանակցությունների երկկողմ ձևափաչն արդյունավետ է որակել
Փաշինյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի հետ բանակցությունների երկկողմ ձևափաչն արդյունավետ է։ Նա այսպես է պատասխանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ նպաստելով սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակմանը։
Փաշինյանի խոսքով՝ օգոստոսի 23-ին, Բաքու կատարած այցից հետո Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը ՌԴ նախագահին ասել է, որ Բաքվի հետ ուղիղ բանակցությունները որոշակի արդյունք են տալիս։
«Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, և կարող ենք ասել, որ այդ ձևաչափը որոշակի արդյունք է տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից մինչ սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությունը: Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգն ստորագրվեց»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը հայտարարել է, որ քանի դեռ երկկողմ ձևաչափն արդյունք է տալիս, պետք է շարունակել այն։ «Քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ, ճիշտը հենց այդ ձևաչափն է: Ես այդ մասին ասել եմ նաև ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ: Մյուս կողմից՝ չեմ բացառում որևէ այլ ձևաչափով աշխատանք»,- հավելել է նա:
Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանն իր հայտարարություններով Լոնդոնում հուլիսի 18-ին տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում փորձել է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը հրաժարվել է հանդիպումից:
«Մենք չենք հրաժարվել հանդիպումից: Ես դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ հանդիպում երկկողմ ձևաչափով»,- նշել է նա:
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել սահմանին հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։
«Երբ բարձրագույն մակարդակով հանդիպում անցկացնելու պահը գա, այն կարող է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների»,- հավելել է նա:
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն սաբոտաժ չի անում կումունիկացիաների բացումը
Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ն սաբոտաժ չի անում, լրջորեն շահագրգռված է կումունիկացիաների բացմամբ՝ նշելով, որ այն տեղի չի ունեցել նաև ՌԴ որոշ պաշտոնյաների հակասական հայտարարությունների պատճառով։
«Տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել այդ թվում ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով, որոնք հակասել են ՌԴ նախագահի 2020թ․ նոյեմբերի 9-ի կամ 10-ի համաձայնագրի ձևակերպումներին»,- նշել է նա։
Փաշինյանի կարծիքով՝ կոմունիկացիաները կարող են նաև մասնավոր կազմակերպությունները վերահսկել, որը միջազգային ասպարեզում ընդունված պրակտիկա է։
«Անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող պահնորդական կազմակերպությունները։ Այս գաղափարները թափանցիկ կերպով կիսել ենք և, իմ կարծիքով, ընկալումը դրական է»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։