Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ռազմական ծախսերի 46%-ով ավելացումը նրա ռազմականացման ևս մեկ ապացույց է, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
Նա այսպես է մեկնաբանել օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ ինքնապաշտպանության համար ուժեղ և մարտունակ բանակ ունենալը ցանկացած պետության իրավունքն է։
«Հայկական կողմի պնդումները, թե իբր Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14-15%-ը, և որ դա զգալիորեն ավելին է, քան Հայաստանի բյուջեն, լիովին հակասում է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից տարածված ռազմական բյուջեի մասին տեղեկատվությանը և բազմակի ուռճացված թիվ է։ Միաժամանակ, վարչապետի այն պնդումը, թե իբր Ադրբեջանը զենք է գնել Իտալիայից, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Հաջիզադեն։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից, Պակիստանից, Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, Իսրայելից։ «Մենք բոլոր տվյալները գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ Բաքուն Հայաստանին մեղադրում է սպառազինվելու համար՝ իր սպառազինվելու փաստը քողարկելու նպատակով։
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ 329 մլն դոլար՝ 2022 թվականի 795 մլն դոլարի դիմաց։ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ըստ ինստիտուտի, անցյալ տարի աճել են մինչև 3 միլիարդ 561 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 4,6 տոկոսը)՝ 2022 թվականի 2 միլիարդ 991 միլիոն դոլարի (3,8 տոկոսի) դիմաց: