Ադրբեջանի ԱԳՆ-ն «միանգամայն սխալ» է անվանել Հայաստանի վարչապետի հայտարարությունն Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին:
Գերատեսչությունն այս հարցում «անթույլատրելի է համարել երկու երկրների սահմանադրությունների միջև զուգահեռ և հավասարություն անցկացնելու փորձը»: Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու հայկական կողմի «փորձերը» ցույց են տալիս, որ Երևանն Ադրբեջանի դեմ «թաքնված օրակարգ ունի»:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ: Նա նաև խոսել էր Մինսկի խմբի լուծարման հնարավորության մասին, եթե կողմերի միջև խաղաղությունը դառնա «կայացած փաստ»:
Ավելի վաղ Բաքուն հակադարձել էր Փաշինյանին՝ նշելով, որ ռազմական ծախսերի 46 տոկոսով ավելացումն ապացուցում է Հայաստանի ռազմականացումը։