Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ, Արցախի Անկախության օրվա իր ուղերձում հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի խոսքով՝ նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, «անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը»:
«Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել»,- ասված է նախկին նախագահի հայտարարությունում:
Նրա խոսքով՝ այս հարցում, առաջին հերթին, անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը:
«Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը: Ուրանում են»,- նշել է նա:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ջատագով քաղաքակիրթ աշխարհը նույնպես չի կարող և չպետք է անտարբեր մնա հայ ժողովրդի՝ հազարամյակներով իր բնօրրանում ապրած մի մեծ հատվածի հայրենազրկման ու բռնի տեղահանման հարցում:
«Արցախը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախ է հռչակվել այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան: Դրանից 32 տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված, իր բնօրրանից ամենազազրելի մեթոդներով բռնի տեղահանված արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք, և ստեղծված իրավիճակում նրա անքակտելի իրավունքների իրացման համար առկա են միջազգային մեխանիզմներ»,- շեշտել է Սարգսյանը:
Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:
2024-ին հայ ժողովուրդն Արցախի անկախության օրը նշում է ԼՂ-ից հեռու։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել` 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։