Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, Արցախի Անկախության օրվա իր ուղերձում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նա նշել է, որ այդ պատճառով ենք Արցախի բռնազավթման և ամբողջական հայաթափման պայմաններում շարունակում նշել պատմական այս օրը։
«Մենք շարունակում ենք նշել Արցախի Անկախության օրը նաև որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության»,- նշել է նա:
Կաթողիկոսի խոսքով՝ բռնությունը չի կարող ջնջել մարդկային հիշողությունը և չի կարող խլացնել արդարության ձայնը:
«Մենք հավատում ենք, որ պատմական մեր հիշատակները և մեր նախնյաց սխրանքները զորացնելու են մեզ, և մեր ժողովուրդը հավատով ու հույսով հաղթահարելու է պատերազմի աղետալի հետևանքները, հայրենասեր ու ազգանվեր ոգով հետամուտ է լինելու իր համազգային իղձերի ու տեսիլքների իրականացմանը»,- շեշտել է նա:
Կաթողիկոսը նշել է նաև միջազգային հանրության ջանքերի անհրաժեշտության մասին արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցում։
«Արցախի Անկախության օրվա հիշատակումը ևս մեկ պատգամ է մեր ժողովրդին և մարդասիրության բարձր արժեքների ջատագով միջազգային հանրությանը՝ գործուն ջանքեր ներդնելու հանուն արդարության ու ճշմարտության հաղթանակի, հանուն արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության և Արցախի հայկական բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության»,- գրել է նա:
Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:
2024-ին հայ ժողովուրդն Արցախի Անկախության օրը նշում է ԼՂ-ից հեռու։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։