Թուրքիան շահագրգռված է BRICS-ին անդամակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Անկարան վաղուց է հայտարարել ասոցիացիայի անդամ դառնալու իր ցանկության մասին։
Այսօր Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ Թուրքիան BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել։ Նյութում նշվում է, որ նման քայլով Անկարան ձգտում է ամրապնդել իր գլոբալ ազդեցությունը և նոր կապեր հաստատել իր ավանդական արևմտյան դաշնակիցներից դուրս։
Հուլիսի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր BRICS-ին միանալու երկրի ցանկության և այս տարի այդ ուղղությամբ հնարավոր քայլերի մասին։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է կազմակերպության նկատմամբ նման աճող հետաքրքրությունը։
Մոսկվան BRICS-ի նախագահությունն ստանձնել է 2024 թվականի հունվարի 1-ին։ Տարին սկսվել էր կազմակերպությանը նոր անդամների միացմամբ. բացի Ռուսաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, այժմ այն ներառում է Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:
Օգոստոսի 18-ին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է միանալ BRICS-ին։