Մոսկվան ակնկալում է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ լիարժեք գործընկերության վերսկսում, որը «կբխի հենց Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանը դե յուրե մնում է կազմակերպության լիիրավ անդամ՝ պահպանելով համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Փաստորեն՝ այժմ Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է մնում նման փոխգործակցությունը հետ կանչելու գծին, որը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հայ քաղաքական գործիչների «բառախաղը կարող է ոչ մի լավ բանի չհանգեցնել»՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանն արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն ասել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունների անփոփոխության մասին։