ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հաստատել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը վավերացնելու նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կանոնակարգով նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում և դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների/փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրություն, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձևակերպում և հրատարակում:
«Կանոնակարգով նախատեսվում է նաև սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործումը, որն էլ հնարավորություն է ստեղծում երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը: Կանոնակարգով կարգավորվում են հետագայում սահմանազատման հարցերով հանձնաժողովների հետագա աշխատանքների արդյունքում երկու պետությունների միջև կնքվելիք պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև սահմանների անքակտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիքներից է»,- ասված է նախագծում։
Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև սահմանային հարցերը կարգավորելու համար, հավելել են ԱԳՆ-ում։
«Հայաստանն ու Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անքակտելիությունը, պետական սահմանի մասին միջազգային պայմանագրի կնքումը նպատակ է հետապնդում միջազգայնորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով կարգավորելու սահմանային հարցերը երկու պետությունների միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը վերարտադրելու միջոցով»,- նշել են նախագծում։
Սեպտեմբերի 2-ին հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը քննարկելու է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու նախագիծը, որն ամբողջությամբ տեղադրված է e-gov.am կայքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովներն ստորագրել են համատեղ գործունեության կանոնակարգ։ Գերատեսչությունում նշել էին, որ Երևանն ու Բաքուն սկսել են ներքին պետական ընթացակարգերի իրականացումը։
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։