ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին լրացուցիչ 130 մլն դոլար կհատկացնի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական կայունության համար, նախագիծը հաստատել է ՀՀ կառավարությունը՝ սեպտեմբերի 5-ի նիստում։
ԱՄՆ դրամաշնորհի ընդհանուր գումարը կկազմի 250 մլն դոլար։ 2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի համաձայն՝ այդ գումարը կազմել էր 120 մլն դոլար։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:
«Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,– նշվում Է նախագծում։
2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել էին Երևանին 120 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու մասին հնգամյա համաձայնագիրը՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և տնտեսության կայունացման նպատակով։