Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին դեմ է տարածաշրջանում կոմունիկացիաների վերահսկողությունը միջազգային ընկերություններին հանձնելու գաղափարին։ Սոբհանին այդպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճանապարհների սահմանային վերահսկողությունը կարող են հանձնել մասնավոր պահնորդական ընկերությանը։
«Մենք կողմ ենք, որ այն, ինչ կատարվում է, տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո, ցանկացած վերահսկողություն իրականացնի ՀՀ-ն։ Մենք կողմ չենք, որ այլ երկրներից գան այստեղ ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանել։ ՀՀ իշխանություններն ասել են, որ այդ ամենն իրականացվելու է ՀՀ ինքնիշխանության ներքո։ Որքանով ինձ փոխանցել են ՀՀ կառավարությունից, դա չի վկայում այն մասին, թե անվտանգությունը պետք է հանձնվի ինչ-որ միջազային կազմակերպության, այլ ընկերության»,- նշել է դեսպանը։
Նա լրագրողներին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ կապված, Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող, այսպես կոչված, «միջանցքի» հետ։
«Այդ՝ այսպես կոչված «միջանցքը» դեմ է Հայաստանի և Իրանի շահերին։ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար»,- ասել է Սոբհանին։
Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները կարող են նաև մասնավոր կազմակերպությունները վերահսկել, որը, նրա խոսքով, միջազգային ասպարեզում ընդունված պրակտիկա է։
«Անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող պահնորդական կազմակերպությունները։ Այս գաղափարները թափանցիկ կերպով կիսել ենք և, իմ կարծիքով, ընկալումը դրական է»,- ասել էր վարչապետը։