Հայաստանն ի սկզբանե չի միացել Վիլնյուսում կայացած «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» համաժողովից հետո Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների ընդունած հռչակագրին, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել փաստաթղթին Երևանի աջակցության և դրան հաջորդած հայկական կողմի ստորագրությունը հետ կանչելու մասին։
Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ դա համարելով միջազգային իրավունքի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջընթաց:
«Վճռականորեն աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի տարածքում միջազգային հանցագործությունների մեղավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին աջակցել դատարանին՝ համագործակցելու իր ընթացիկ հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է հռչակագրում:
Նրանք նաև վերահաստատել են Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլինի արդարություն իրականացնել:
Հռչակագրին աջակցել են ԵԽ անդամ 42 երկրներ և Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ: ԵԽ կայքում հրապարակված ցուցակում Հայաստանը չկա։ Հարավային Կովկասի երկրներից հռչակագրին միացել է միայն Վրաստանը։