«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է շուրջ 40 միջազգային կազմակերպությունների և գործիչների՝ Բաքվի բանտերից հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկված ներկայացուցիչների ազատ արձակմանն աջակցելու հարցով։
Իր նամակներում պատգամավորը միջազգային գործընկերներին խնդրել է Ադրբեջանի իշխանություններից պահանջել ազատ արձակել հայերին՝ մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29), եթե նրանք իսկապես ցանկանում են, որ միջոցառումը դառնա «խաղաղության գագաթնաժողով»:
Թովմասյանը նաև կոչ է արել գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարությունների դեպքում պահպանել միջազգային իրավական չափանիշները։ Նա ընդգծել է, որ միջազգային դիտորդներին և լրատվամիջոցներին նույնպես պետք է թույլ տալ մասնակցել այդ գործընթացներին։
«Կասկած չկա, որ հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ»,- հիշեցրել է պատգամավորը։
Նա նաև տեղեկացրել է, որ ահազանգեր է ստացել Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` պատանդների պահման պայմանների վերաբերյալ:
«Ցավոք որևէ միջազգային հասանելիություն չկա նրանց նկատմամբ` բացի ԿԽՄԿ-ի ամսական մեկանգամյա այցերը և սուղ տեղեկատվությունը: Անգամ հարազատների հետ գերիների զանգերի ընթացքում, հենց հարազատների խոսքով, նրանք հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն՝ առանց որոշակիացնելու իրենց պահման պայմանների մասին»,- հավելել է Թովմասյանը։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա, որոնց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
Հունիսի 14-ին Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտարարել էին, որ նա Բաքվի բանտում խոշտանգումների է ենթարկվել։ Հուլիսի 3-ին Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն զեկուցել էր Ադրբեջանի իշխանությունների՝ ԽԿԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին։ Կոմիտեն հրապարակել էր նաև 2022 թվականին Ադրբեջան կատարած հատուկ այցի վերաբերյալ զեկույց, որին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի, Բաքուն համապատասխան համաձայնություն չէր տվել։