Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել է լուծարել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը։ Նա այսպես է մեկնաբանել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկը՝ հանձնաժողովի նիստ անցկացնել և քննարկել Արցախից տեղահանվածների շրջանում առաջացած խնդիրները։
«Ես անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն (Արցախը- խմբ.) այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Կարծում եմ՝ պետք է լրջորեն քննարկենք այդ ֆորմատն (Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը) այլևս չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ-ի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակ Հայաստանում ոչ ոք չունի։ Եվ ես չգիտեմ, թե ում հետ պետք է քննարկեմ դա (Արցախի ժողովրդի խնդիրները), նկատի ունեմ՝ հնարավոր նիստի պարագայում, և որպես իրավաբան համարում եմ, որ այդ ֆորմատն այլևս գոյություն չունի»,- ասել է Սիմոնյանը։
Մինասյանն արձագանքել է՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» հասկացությունները՝ որպես իրավական տերմիններ, առկա են Հայաստանի բազմաթիվ օրենքներում և միջազգային պայմանագրերում։ Նա ընդգծել է, որ որոշումներ են կայացնում ոչ թե անհատները, այլ ինստիտուտները։
«Դուք իրավասու չեք համարել չեղյալ։ Դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով։ Եվ քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտավորությունն է շարժվել դրանցով, անգործություն է ձեր լիազորությունները կատարելուց հրաժարվելը»,- ասել է Մինասյանը։
Ազգային ժողովի նախագահն ի պատասխան՝ հայտարարել է, որ Արցախի իշխանություններն իրենք են լուծարել Արցախի Հանրապետությունը, և ինքը չի կարող «որոշ մարդկանց» մասնակցությամբ ժողովներ հրավիրել։
Նա առաջարկել է իրենց հետ հանդիպելու համար «ընդունելության օր կազմակերպել», ինչպես դա տեղի է ունենում Հայաստանի այլ քաղաքացիների հետ իր հանդիպումների դեպքում։
Ավելի ուշ լրագրողներին տված ճեպազրույցում Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանում ԼՂ ներկայացուցչության շենքի իմաստը ևս պետք է վերանայել։
«Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախն ապագա ունենա, սակայն նրա նորեկ իշխանությունները, որոնք ճնշմամբ Արցախի իշխանություններին հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա դրած մատուցել են, դրել ուղղաթիռ, ուղարկել են։ Եվ հիմա եկել են այստեղ ներկայացուցչությունում հավաքներ են իրականացնում և ուզում են այդ մեղքն իրենց վրայից մաքրել։ Չեն կարողանա։ Այդ շենքը, կարծում եմ, չպետք է նման բաների ծառայի»,- ասել է Սիմոնյանը։