Ղազախստանի նախագահի Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունը, հայտնում է ղազախական Orda.kz կայքը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ալիևն ընդունելի է համարել Աստանայում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը։
Ապրիլի 29-ին Ղազախստանը հրաժարվել էր միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիի հանդիպմանը։ Ղազախական կողմը հայտարարել էր, որ «Աստանան միայն բարի կամքի ծառայություններ է մատուցում, այսպես ասած, «good offices», որը պետությունը տրամադրում է երրորդ կողմերի միջև վեճերը կարգավորելու համար»։
Ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Տոկաևը հայտնել էր, որ Ղազախստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների հարթակ տրամադրել։
Սեպտեմբերի 6-ին Ալիևը նշել էր, որ Հայաստանի հետ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 80%-ը։ Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի։ Միրզոյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետներում ստորագրելու իրական հնարավորություն կա։