Հայաստանն ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ, տեղի են ունենում քննարկումներ ՀՀ-ի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպանը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Սխինասի այցը կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի քննարկմանն ու փոխգործակցության հետագա զարգացմանը: Փաշինյանը նշել է, որ սա կարևոր պահ է Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման համար։
«Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում՝ մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։ Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանին աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»,– ասել է վարչապետը:
Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու ՀՀ-ում բարեփոխումների առաջմղմանը: Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:
Հուլիսի 22-ի նիստում Եվրամիության խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությանը։ ԵՄ խորհուրդը նաև որոշել էր հատկացնել 10 մլն եվրո՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժն ուժեղացնելու համար և օգնել բարելավել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «կարևոր հանգրվան և խորացող գործընկերություն» էր անվանել Հայաստանին օգնություն տրամադրելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ԵՄ խորհրդի որոշումը։