Թեպետ կալանքի տակ կլինեմ, բայց քաղաքը ճիշտ ղեկավարելու միջոցներ կգտնենք, ոչինչ ու ոչ ոք չի կարող կոտրել մեր կամքը, սկզբունքները, լրագրողներին ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ում սեպտեմբերի 10-ին դատարանը շուրջ 1 տարի, 8 ամիս ազատազրկելու որոշում էր կայացրել։
«Ամեն ինչ անելու ենք, որ իմ ազատազրկման ժամանակահատվածում գորիսեցիների կյանքում ոչինչ չփոխվի։ Գորիսում արտոնյալներ չեն լինելու, «կինոյի նոր տղերք չեն հայտնվելու»։ Մենք մեր սկզբունքների ու հայրենիքի համար պատրաստ ենք մեր կյանքը տալ, ինչի դիմաց ազատազրկումը «շակալադնի է»»,- ասել է Առուշանյանը։
Վերջինս նշել է, որ պատրաստ է կրել պատիժը։
Սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը մասնակի բավարարել էր Առուշանյանի դեմ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջնորդությունը և նրան 1 տարի, 8 ամիս, 3 օր ժամկետով ազատազրկելու որոշում էր կայացրել։
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել էր կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 27-ին դատարանը մերժել էր ԱՆ պրոբացիոն ծառայության դեմ Առուշանյանի բողոքը։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։