Երևանի ավագանին 32 կողմ ձայնով հաստատել է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը։ Որոշմանը դեմ է քվեարկել 13, իսկ ձեռնպահ՝ ավագանու 2 անդամ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նոր գլխավոր հատակագծի ընդունման անհրաժեշտություն առաջացել էր դեռևս 2020 թվականին, երբ 2005 թվականին ընդունված գլխավոր հատակագծի ժամկետը լրացել էր։ Հատակագծի ընդունման գործընթացը, ըստ նրա, պետք է սկսվեր դեռևս 2018-2019 թթ.։
«Բոլոր դիտարկումների հետ համաձայն եմ, ըստ որոնց՝ սա իդեալական նախագիծ չէ, սա նախագիծ է իրավիճակի մասին և նախադեպ է որոշ հեռանկարային ծրագրերի մասին, որը հիմք է դառնալու Gis քարտեզներում արտացոլված գլխավոր հատակագծի շերտին»,- ասել է նա։
Սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ գլխավոր հատակագիծը պատրաստ է, այն զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ։