ԱՄՆ-ն կկրկնապատկի Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով Հայաստանի զարգացման համար տրամադրվող գումարը՝ 120 մլն դոլարից հասցնելով 250 մլն դոլարի, հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի զարգացման դրամաշնորհային ծրագրի՝ ներառյալ Վաշինգտոնի և Երևանի կողմից իրականացվող ծրագրերի ընդլայնման վերաբերյալ պայմանագիրն ստորագրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
Համաձայնագիրը կներառի առանցքային համագործակցություն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են աղետների ռիսկի կառավարումը, կիբերանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունը և առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և ներառական տնտեսական զարգացումը:
«Հայաստանի համար կարևորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ և բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը»,- ասել է Գրիգորյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Հայաստանի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացմանն աջակցելու համար։
«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը և ընդլայնելով մեր ծրագրերը՝ օգնում ենք Հայաստանին զարգանալ և հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության և նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում»,- ասել է Ալելոն:
Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում ընդունել էր որոշում՝ ըստ որի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին լրացուցիչ 130 մլն դոլար կհատկացնի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական կայունության համար։