2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանով անցնող կապուղիների անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է երաշխավորել և կազմակերպել հաղորդակցության անվտանգությունը, ինչպես գրված է 9-րդ կետում։ Վարչապետն ընթերցել է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային միջոցների ապաշրջափակմանը վերաբերող կետերը։
Նա մեջբերել է եռակողմ հայտարարության 9-րդ կետը․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»։ Փաշինյանի խոսքով՝ սա նշանակում է, որ 9-րդ կետն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն։
«Դա ընդամենը տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի մասին թեմայի մանրամասներից մեկն է։ Օրինակ՝ Հայաստան-Իրան երկաթուղի, Հայաստան-Ռուսաստան երկաթուղի, ընդ որում՝ Մեղրիով և Իջևան-Ղազախով, ավտոտրանսպորտային ճանապարհների բացում Հայաստանից ասենք Իրան Նախիջևանով, Ադրբեջանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, դեպի Ղազախստան և այլն»,- ասել է նա։
Անդրադառնալով «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները» կետին, Փաշինյանը հարցրել է, թե որտե՞ղ է գրված, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն։
«Չկա այդպիսի բան գրված։ Եթե նույնիսկ նկատի է առնվում Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը, ռուս սահմանապահների ներկայությունը պայմանագրային է, Հայաստանի որոշման հարցն է։ Այսօր որոշել է, որ նրանք ներկա են, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «որոշ երկրների պաշտոնյաներ անում են հայտարարություն, որից ակնհայտ է, որ կա՛մ փաստաթուղթը չեն կարդացել, կա՛մ վաղուց չեն կարդացել»։
«Այստեղ գրա՞ծ է, որ ՌԴ ԱԴԾ-ն որևէ ներկայացուցիչ պետք է գետնի վրա այնտեղ լինի՞։ Չկա այդպիսի բան գրված։ Այդպիսի բան չի գրված նաև ՌԴ նախագահի 2020թ․ դեկտեմբերի 10-ի հրամանագրում, որտեղ կրկին սուբյեկտը, տրանսպորտային կապն ապահովողը և տրամադրողը ՀՀ-ն է, մնացած բոլոր մեկնաբանությունները պարզապես անտեղի են»,- ընդգծել է նա։
Մեկնաբանելով «ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով» կետը, Փաշինյանը շեշտել է, որ այդ ճանապարհի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որևէ երրորդ երկրի անվտանգության ապահովելու երաշխիք է վերապահված, «պետք է ցույց տան՝ որտեղ է դա գրված»։
«Ավելին՝ երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է։ Այսինքն՝ ՀՀ-ն է երշխավորում և կազմակերպում, չկա որևէ բան գրված, որ որևէ մեկը պետք է գա երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի, ամեն ինչն անում է ՀՀ-ն և այստեղից է բխում իրավազորության և սուվերենության մասին մեր պատկերացումները»,- ասել է վարչապետը։
«Կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»։ Այս կետի հետ, Փաշինյանի խոսքով, հայկական կողմը համաձայն է, իսկ Արդբեջանը՝ ոչ։
«Ադրբեջանը համաձայն չէ, որովհետև ասում է՝ անվտանգությունը դու պիտի չապահովես։ Այս թղթում չկա որևէ կետ, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը սահմանափակվում է իր որևէ տարածքի նկատմամբ, այս թղթում որևէ բան չկա, որ ՀՀ-ն որևէ գործառույթ արտապատվիրակում է։ Այս քննարկումը հասկանալի չէ»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ 2 տարի է՝ ՀՀ կառավարությունը շրջանառում է որոշման նախագիծ, որով այս հարցերը պետք է լուծվեն, բայց նախագիծը չի ընդունվում միայն Ադրբեջանի բացասական արձագանքի պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում։