Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո անհետացած զենքի մեծ խմբաքանակի մասին: Նա նշել է, որ այդ թեման բազմիցս քննարկել են, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում։
Վարչապետը հավելել է, որ այդ հարցով հանձնարարականներ է տվել ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանին։
«Մենք պետք է վերանայենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունները։ Այն մեդոթներով, որոնցով աշխատել ենք, այլևս չեն համապատասխանում նոր մարտահրավերներին։ Նոր մեթոդների կիրառմամբ որոշակի արդյունքներ կան։ Դրանց շնորհիվ կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել»,- նշել է կառավարության ղեկավարը։
Միևնույն ժամանակ՝ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկրում ավելացել է նաև օրինական զենքի քանակը։
«Այստեղ, իրականում, ընտրության հարց կա՝ մեզ համար որքանո՞վ պետք է հանդուրժելի լինի օրինական զենքը։ Այս տեսակյունից հայեցակարգային հարցեր կան, որոնք պետք է քննարկենք։ Հիմա օրինական զենք ձեռք բերելու հնարավորությունները շատացել են։ Մասնավորապես, պետք է քննարկենք, թե առանձնապես ծանր հանցագործությունների քանի՞ տոկոսն են իրականացվել ապօրինի, քանիսը՝ անօրինական զենքով»,- եզրափակել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։