Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան, հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
«ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» վերնագրով լսումների ընթացքում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան»,- մանրամասնել են գրասենյակից։
Քարդինը նշել է, որ բացի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելը, Ադրբեջանը ձգտում է նաև «ուժով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունից մի հատված՝ շարունակական ոտնձգության տակ պահելով Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Քարդինը խաղաղության գործընթացի ներկա պայմաններն անհավասար է համարել՝ նկատելով, որ դրա արդյունքում չեն լուծվում սահմանային խնդիրները։
Լսումներին հրավիրված փորձագետները հավելել են, որ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական վտանգ են Հայաստանի անվտանգության համար։ Նրանք անդրադարձել են Ադրբեջանի ռազմական ներկայության ամրապնդմանը հայկական տարածքներում և Հայաստանի խոցելիությանն Ադրբեջանի կողմից ռազմական հետագա էսկալացիայի պայմաններում։ Փորձագետները նաև նկատել են, որ Ադրբեջանը փորձում է ձգձգել և տապալել բանակցությունները՝ Հայաստանին պարտադրելով նոր պահանջներ, ինչպիսին Սահմանադրության փոփոխությունն է։
Հունիսի 28-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն և Քրիս Սմիթն Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող և ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու երկկուսակցական բանաձևի նախագիծ էին ներկայացրել։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) օգոստոսին հայտնել էր, որ Կոնգրեսում սեպտեմբերի 19-ին Արցախի հայաթափման առաջին տարելիցին նվիրված միջոցառում կկազմակերպեն։