ՔՊ պատգամավոր, ծնունդով գորիսեցի Արմեն Խաչատրյանը մտադիր է մասնակցել Գորիսի ՏԻՄ հաջորդ ընտրություններին, որոնք կայանալու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Խաչատրյանն այդ մասին հայտնել է գործընկերներին և ասել, որ այդ հարցով դիմել է վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա հավանությունն ստանալու համար։
«Նա ասել է՝ եթե Առուշին (Առուշ Առուշանյան, Գորիսի գործող համայնքապետ-խմբ․) իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Փաշինյանին, թեպետ դեռ «դաբրո» չի ստացել, բայց չի էլ մերժվել»,- գրել է լրատվականը։
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել էր կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 27-ին դատարանը մերժել էր ԱՆ պրոբացիոն ծառայության դեմ Առուշանյանի բողոքը։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։