Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիին հեռախոսազրույցի ժամանակ հրավիրել է Երևան, վերջինս ընդունել է հրավերը, X-ում գրել է իրանցի փոխնախարարը։
Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
«Ես վերահաստատեցի մեր բոլոր հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու մեր հաստատակամությունը։ Նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը՝ միջազգային սահմանների անխախտելիության վերաբերյալ»,- գրել է Ռավանչին։
Կոստանյանը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Նա X-ում հայտնել է, որ իրանցի փոխնախարարի հետ արտաքին քաղաքականության վերջին զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել։
Օգոստոսի 9-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատել էր ԻՀՀ դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Թեհրանը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։