Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ոգևորված չէ Ռուսաստանում նոր դեսպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի նշանակմամբ, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Որպես պատճառ՝ թերթը նշել է նոր դեսպանի և նախարարի հարաբերությունների լարվածությունը։
«Ոմանք դա բացատրում են նրանով, որ Արսենյանի թեկնածությունն առաջադրել և առաջ է մղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Արարատ Միրզոյանը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, որ 2021-ի ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանն իր «աթոռին» է նստել` իրեն «գործուղելով» ԱԳՆ, ինչն ինքը պաշտոնի իջեցում է համարում»,- գրել է թերթը:
Բացի այդ, «Հրապարակը» հիշեցրել է Արսենյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ին ԱԺ-ում ունեցած ելույթը, «երբ նա իրեն բնորոշ ոճով հեշտ դաս էր տվել Միրզոյանին՝ խորհուրդներ տալով ու առաջարկություններ անելով»։
«Թեև բավականին կոռեկտ ձեւակերպումներով է խոսել, բայց քննադատել է դիվանագիտական ոլորտի ֆինանսավորումը՝ նկատելով, որ այն պետք է մեծացնել, որ արդյունքն էլ մեծ լինի: Ոմանք կարծում են, որ այդ ելույթը Միրզոյանը չի մոռացել»,- հայտնում է լրատվամիջոցը։
Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ նշվում է, որ ԱԳՆ ղեկավարի և դեսպանների շփումներն այսօր հասցված են նվազագույնի. նրանք, որպես կանոն, շփվում են նախարարի խորհրդականների, օգնականների, լավագույն դեպքում՝ փոխնախարարների հետ։
Հունիսի 1-ին «Հրապարակ»-ը, հղում անելով ռուսական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Մոսկվան Արսենյանին ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակելու մասին համաձայնագիր է ստորագրել։
ԱԺ նախագահը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից։ Սիմոնյանն այդպես էր արձագանքել նաև Հարությունյանի խոսքերին, ըստ որի՝ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։
Օգոստոսի 6-ին Արսենյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, օգոստոսի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դադարեցրել էր նրա պատգամավորական լիազորությունները։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել։