ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ իրական Հայաստանի, սակայն իշխանությունները նրան չեն հասկացել։
«Մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան (հայ ժողովրդին-խմբ․) չենք լսել, այլ, ըստ էության, մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ»,- սոցիալական ցանցերում գրել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ պատմական Հայաստանի հայեցակարգը ՀՀ ընկալումն է որպես ֆորպոստ, հենման կետ՝ տարածքով ավելի մեծ պետություն ունենալու նպատակով, իսկ իրական Հայաստանի հայեցակարգը մեխանիզմ է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար՝ այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը:
«Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»,- գրել է վարչապետը:
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 1976 թվականի քարտեզներով վերարտադրել են ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը։
«Մենք ասում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29 743 քառակուսի կմ է, և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ Այն մարդիկ, ովքեր չեն տալիս այս հարցի պատասխանը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են»,- ասել էր վարչապետը։
Մայիսի 24-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացը բխում է ՀՀ կառավարության՝ իրական Հայաստանի ռազմավարությունից։ Նա պատմական ակնարկ էր կատարել ու փորձել հիմնավորել պատմական ու իրական Հայաստանի ընկալումների հիմքերը։