Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մերժել է Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու Հայ առաքելական եկեղեցու հրավերը, հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակի ղեկավար Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Կառավարության մնացած պաշտոնյաները դեռ չեն արձագանքել հրավերներին, հավելել է նա։
«Բարձրաստիճան պաշտոնյաներին հրավերներ ենք ուղարկել, այս պահին նրանց մասնակցության վերաբերյալ սպառիչ պատասխաններ չունենք։ Ազգային ժողովի նախագահից միայն պատասխան ստացանք, որ չի մասնակցելու»,- ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը կասկածներ ուներ՝ հրավիրե՞լ իշխանություններին, թե՞ ոչ, ուստի այդ հարցը քննարկվել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստում։
ՀԱԵ բարձրագույն գործադիր մարմինը որոշել է, որ իշխանություններին միջոցառումներին և ազգային արարողություններին հրավիրելը չպետք է մեկնաբանվի որպես իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսի նկատմամբ հավատարմության դրսևորում։
«Եկեղեցին կշարունակի արտահայտել իր դիրքորոշումն ու մտահոգությունները բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտ կհամարի»,- եզրափակել է արքեպիսկոպոսը։
Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու մայր տաճարի վերաօծումը և Սուրբ Քրիստոսի օծման արարողությունը։ Մայր տաճարի վերանորոգումն սկսվել էր 2012 թվականին՝ նպատակ ունենալով ամրացնել գմբեթներն ու տանիքը։ Այս պահին տաճարում ավարտական վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։
Օգոստոսի 27-ին «Հրապարակ» թերթը գրել էր Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը իշխանություններին հրավիրելու ՀԱԵ ծրագրերի մասին։ Թերթի տեղեկություններով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշել էր հրավերներ ուղարկել իշխանություններին՝ առաջին հերթին Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին ու բոլոր պատգամավորներին՝ չնայած եկեղեցական հարկման հարցերում առկա տարաձայնություններին։ Օգոստոսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը հայտարարել էր, որ Մյուռոնօրհնությանն ու նորոգված Մայր տաճարի վերաօծման արարողության հրավեր չեն ստացել։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...