Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռում Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը և մյուռոնօրհնությանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մտահոգված է Երևանի և Բաքվի խաղաղ բանակցությունների իրավիճակով:
Նա նշել է, որ քանի դեռ չկա պայմանագրի տեքստը, հնարավոր չէ դրա մասին առարկայական խոսել։
«Խաղաղության պայմանագրի մասին հնարավոր կլինի առարկայական խոսել այն դեպքում, երբ մեր ձեռքում լինի դրա տեքստը։ Հիմա տարբեր անկյուններից տարբեր մեկնաբանություններ են ստացվում, տարբեր տեղեկություններ, որոնք առարկայական քննարկումներ, դատողություններ անցկացնելու հնարավորություն չեն տալիս։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա դրանք գլոբալ են՝ պայմանավորված այսօր ստեղծված իրավիճակով։ Անգամ այն քննարկումները, որոնք ծավալվում են խաղաղության պայմանագրի համար Սահմանադրություն փոխելու պահանջի, այսպես կոչված, անկլավների կամ էքսկլավների հնարավոր հանձնման, սահմանազատման, սահմանագծման հիմունքների շուրջ, մտահոգիչ են»,- ասել է նա ՝ պատասխանելով Armenia Today-ի այն հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԵ-ն գնահատում ՀՀ իշխանության կողմից խաղաղության պայմանագիրն ստորագրելու պատրաստակամությանը։
Սրբազանը հիշեցրել է Հայ Առաքելական եկեղեցու՝ մայիսի 7-ի հայտարարությունը, որում կարևորել էին սահմանազատումն ու սահմանագծումը՝ միևնույն ժամանակ նշելով, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» համաժողովում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով խաղաղության համաձայնագիր կնքել արդեն համաձայնեցված կետերով, ապա շարունակել քննարկել մնացած կետերը: Նույն օրը Բաքուն Երևանի այդ առաջարկն անվանել էր «անընդունելի»: