Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 17-ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։
Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են։ Օրինագիծը ներառում է ԼԳԲՏ քարոզչության, միասեռ ամուսնությունների և սեռափոխության արգելք, ինչպես նաև միասեռական զույգի կամ միասեռականների կողմից ինտիմ հարաբերությունների, ինցեստի, որդեգրման կամ խնամակալության խթանմանն ուղղված հանդիպումների և քարոզչության արգելք։
Արգելվել է նաև սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունը, հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները, հանրային հանդիպումները կամ ցույցերը, որոնք ուղղված են ԼԳԲՏ թեմաների հանրահռչակմանը։
Թբիլիսիի ոստիկանությունը 2023 թվականի հուլիսին Լիսի լճի հարակից տարածքից բերման էր ենթարկել մի շարք քաղաքացիների, քանի որ Tbilisi Pride փառատոնի ժամանակ բախում էր տեղի ունեցել իրավապահների և ԼԳԲՏ համայնքի կողմից անցկացվող փառատոնի հակառակորդների միջև։
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հրահանգել էր պատկան մարմիններին ապահովել Tbilisi Pride փառատոնի անվտանգ անցկացումը և դրա մասնակիցների խոսքի ու ինքնարտահայտման ազատությունը՝ երաշխավորված Սահմանադրությամբ։