Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, գոյությանը, ինքնիշխանությանը և պետականությանը, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ոչ միայն այն պատճառով, որ կազմակերպությունը չի կատարում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները, այլև, մեր կարծիքով, ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգությանը և հետագա գոյությանը, նրա ինքնիշխանությունն ու պետականությունը»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գործունեությունը լիարժեք կվերականգնեն, երբ Հայաստանի բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։
«Մեր այս շեշտադրումից անցել է ուղիղ 2 տարի․ պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու։ Ես պետք է ասեմ, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում ու համոզիչ չեն, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Եթե մենք չենք անցել անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այն, և պիտի անկեղծ իմ համոզմունքը հայտնեմ՝ որևէ մեկը մեզ դրա մեջ մեղադրելու որևէ լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,- նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունների անփոփոխ լինելու մասին։