Մենք ԲՐԻԿՍ-ի հետ ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերին՝ Կազանում և ընդունել եմ հրավերը։ Այս պահին ավելին ասել չեմ կարող»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է՝ առաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարը մասնակցում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
«Իհարկե, ակնհայտորեն կլինեն տպավորություններ և այդ տպավորությունները, վերադառնալով, կկիսեմ մեր գործընկերների հետ, եթե անելիք լինի, կանենք»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանը հոկտեմբերին ՌԴ Կազան քաղաքում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։
Սեպտեբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ Հայաստանը մասնակցելու է գագաթնաժողովին։
ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։