ՀՀ կառավարությունը նպատակ ունի, որ ռազմատեխնիկական արտադրության շուրջ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում, այսինքն՝ ռազմադյունաբերությունն սպասարկի ՀՀ կարիքը, Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ բացի այդ պետք է ունենալ գործընկերներ, որոնց հետ ռազմարդյունաբերության ծավալը 20%-ը չի գերազանցի։
«Նախկինում մենք 96%-ի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք Ռուսաստանի հետ, սակայն այսօր այդ թիվն իջել է 10%-ից էլ ցածրի, ինչը վերջին 3-4 տարվա հաջող քաղաքականությունն է»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ն տարբեր ոլորտներում կարևոր համագործակցություն է հաստատել մի շարք երկրների հետ։
«Դրանցից մեկը Հնդկաստանն է, մյուսը՝ Ֆրանսիան, և մենք փնտրում ենք նոր գործընկերներ, որպեսզի այդ ուղղությամբ տարվող աշխատանանքներն ավելի արդյունավետ լինեն»,- շեշտել է ԱԽ քարտուղարը։
The Print-ը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, սեպտեմբերի 14-ին գրել էր, որ Հայաստանը ձգտում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը և այդ հարցով դիմել է Հնդկաստանին։
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը։ The Economic Times-ն ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից՝ Bharat Dynamics արտադրող ընկերությունից: